ԱՄՆ-ում Պերկինսի կույրերի դպրոցի աջակցությամբ մենք կազմակերպել ենք տարբեր սեմինարներ, վերապատրաստման դասընթացներ, այցելություններ տարբեր երկրներ /Ռուսաստան, Խորվաթիա, Ռումինիա, Բուլղարիա, Թուրքիա, Ֆրանսիա, ԱՄՆ և այլն/, ինչպես նաև կազմակերպվել են մի շարք կոնֆերանսներ տարբեր հաստատությունների, համալսարանների մասնագետների, ներառական դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ: “Ձեզ համար” ՀԿ-ն համագործակցում է Պերկինսի դպրոցի հետ` հատուկ կարիքներով երեխաների հետ աշխատող մասնագիտների գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով:
Պերկինսի՝ կույր երեխաների դպրոցի փոխանակման ծրագրի շրջանակներում երկու մասնագետ ստացել են իննամսյա կրթություն տվյալ դպրոցում: Ուսումնառության ընթացքում նրանք սովորել են լսողական և տեսողական խնդիրներ ունեցող երեխաների հետ աշխատանքի գործնական հմտություններ և թարմացրել են իրենց տեսական գիտելիքները: Փոխանակման ծրագրով նման կրթությունը շատ կարևոր է և կիրառական` հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատելու և նրանց ինքնասպասարկման հմտությունները կազմակերպելու համար: